ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 7.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 7.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Որո՞նք են լիազոր մարմնին ներկայացվող պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների գումարային շեմերը:
Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների շեմերն են՝ կանխիկի հետ կապված գործարքներ՝ 5 միլիոն ՀՀ դրամ, անկանխիկ գործարքներ՝ 20 միլիոն ՀՀ դրամ, անշարժ գույքի առուվաճառքի գործարքներ՝ 50 մլն ՀՀ դրամ:
Ի՞նչ գումարային շեմ է գործում կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվություններ տրամադրելիս:
Կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվություններ տրամադրվում են հաշվետու բոլոր անձանց կողմից՝ անկախ գործարքում ներգրավված գումարի չափից: Նշվածից բացառություն են կազմում թանկարժեք քարերի և մետաղերի դիլերները, որոնց համար հաշվետվություն տրամադրելու պարտականություն առաջանում է միայն 5 միլիոն ՀՀ դրամին հավասար կամ այն գերազանցող կանխիկ գործարքների դեպքում:
Պարտավո՞ր են արդյոք նոտարները պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել կատարված բոլոր գործարքների առնչությամբ:
Ոչ, նոտարները պարտավոր են պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել միայն ստորև նշված գործարքների և գործարար հարաբերությունների նախապատրաստման կամ իրականացման վերաբերյալ՝
• Անշարժ գույքի առուվաճառք,
• Հաճախորդի գույքի կառավարում,
• Բանկային և արժեթղթային հաշիվների կառավարում,
• Իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար գույքի տրամադրում,
• Իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում,
• Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում բաժնեմասի օտարում (ձեռք բերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի օտարում (ձեռք բերում):