ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- October 28, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է քրեականացված ահաբեկչության ֆինանսավորումը:
Ահաբեկչության ֆինանսավորումը քրեականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով:
Ո՞րն է ահաբեկչության ֆինանսավորման օբյեկտը:
Ահաբեկչության ֆինանսավորման օբյեկտը հասարակական անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են:
Ի՞նչն է հանդիսանում գույք:
ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ գույք են հանդիսանում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:
Ո՞ր արարքներն են բնութագրում ահաբեկչության ֆինանսավորման օբյեկտիվ կողմը:
Ահաբեկչության ֆինանսավորման օբյեկտիվ կողմը բնութագրում են հետևյալ արարքները.
ա) Գույքի ուղղակի կամ անուղղակի, ցանկացած եղանակով տրամադրումը,
բ) Գույքի ուղղակի կամ անուղղակի, ցանկացած եղանակով հավաքագրումը,
գ) Ֆինանսական ծառայությունների մատուցումը:
Ի՞նչ է նշանակում ասել, որ ահաբեկչության ֆինանսավորման սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Ասել, որ ահաբեկչության ֆինանսավորման սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ նշանակում է, որ հանցավորը գիտակցում է, որ իր կողմից տրամադրվող կամ հավաքվող գույքը ամբողջությամբ կամ մասամբ պետք է օգտագործվի կամ կարող է օգտագործվել անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ Քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար կամ մատուցվող ֆինանսական ծառայությունը կամ դրա արդյունքն օգտագործվելու է անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ ուղղված է կամ կարող է ուղղվել Քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելուն։
Ո՞վ կարող է լինել ահաբեկչության ֆինանսավորման հանցանքի կատարման համար պատասխանատվության սուբյեկտ:
Ահաբեկչության ֆինանսավորման հանցանքի կատարման համար պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը, ինչպես նաև իրավաբանական անձը:
Որո՞նք են ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմի ծանրացնող հանգամանքները:
Ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմի ծանրացնող հանգամանք է համարվում արարքը, որ կատարվել է.
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով: