ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.1.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.1.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- October 27, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է քրեականացվել փողերի լվացումը:
Փողերի լվացումը քրեականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով:
Ո՞րն է փողերի լվացման օբյեկտը:
Փողերի լվացման օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կարգավորում են ՀՀ-ում օրինական ձեռնարկատիրական գործունեությունը և ներդրումային քաղաքականությունը:
Ո՞րն է փողերի լվացման առարկան:
Փողերի լվացման առարկան հանցավոր գործունեության արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած կամ ստացված գույքն է:
Ի՞նչն է հանդիսանում գույք:
ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ գույք են հանդիսանում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:
Ո՞ր հանցագործություններն են համարվում փողերի լվացմանը նախորդող:
Փողերի լվացմանը նախորդող է համարվում ցանկացած հանցագործություն, որի արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույք:
Ո՞ր արարքներն են, որ բնութագրում են փողերի լվացման օբյեկտիվ կողմը:
Փողերի լվացման օբյեկտիվ կողմը բնութագրող արարքներն են.
• Փոխարկումը (կոնվերտացումը),
• Փոխանցումը,
• Գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը,
• Գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը խեղաթյուրելը,
• Ձեռք բերելը,
• Տիրապետելը,
• Պահելը,
• Օգտագործելը,
• Տնօրինելը:
Ի՞նչ է նշանակում ասել, որ փողերի լվացման սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Ասել, որ փողերի լվացման սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, նշանակում է, որ հանցավորը գիտակցում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն իր կողմից օրինականացնելու փաստը, ցանկանում է դա, ինչպես նաև տեղյակ է այդ գույքի հանցավոր ծագման մասին:
Ո՞րն է փողերի լվացման հանցագործության նպատակը:
Փողերի լվացման հանցագործության նպատակը հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրները քողարկելը, թաքցնելը և այդ միջոցներն օրինական շրջանառության մեջ ներգրավելն է:
Ո՞վ կարող է լինել փողերի լվացման հանցանքի կատարման համար քրեական պատասխանատվության սուբյեկտ:
Փողերի լվացման հանցանքի կատարման համար պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը, ինչպես նաև իրավաբանական անձը:
Որո՞նք են փողերի լվացման հանցակազմի ծանրացնող հանգամանքները:
Փողերի լվացման հանցակազմի ծանրացնող հանգամանք է համարվում արարքը, որ կատարվել է.
• Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
• Խոշոր չափերով,
• Հանցավոր կազմակերպության կողմից,
• Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
• Առանձնապես խոշոր չափերով: